Իրանի ռազմածովային ուժերը նախազգուշացրել են ամերիկյան ինքնաթիռին
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը նախագուշացրել են ամերիկյան նավատորմին պատկանող ինքնաթիռին, որը մուտք էր գործել Իրանի տարածքային ջրեր։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի հայտարարությանը։
Հաղորդվում է, որ ամերիկյան ինքնաթիռը մուտք է գործել Իրանի տարածքային ջրեր առանց համապատասխան թույլտվության։
«Երբ ԱՄՆ նավատորմի «EP-3E» ինքնաթիռը մուտք գործեց Իրանի տարածքային ջրեր, ռազմածովային ուժերի հրամանատարությունը, իր ողջ զգոնությամբ, նախազգուշացում արեց՝ կանխելու այդ ինքնաթիռի մուտքը երկրի օդային տարածք՝ առանց թույլտվության»,- ասվում է հայտարարության մեջ։
Իրանական կողմը հավելում է, որ նշված ինքնաթիռն ամերիկյան հետախուզական ինքնաթիռներից է, որի պարտականությունների մեջ է մտնում տեղեկությունների ու տվյալների հավաքագրումը։
Նշենք, որ ամերիկյան կողմը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
Ավելացնել նոր մեկնաբանություն