Բաքուն դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնության կապակցությամբ
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն դժգոհել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպման կապակցությամբ, որի ընթացքում ֆրանսիացի պաշտոնյան պատրաստակամություն էր հայտնել կազմակերպել Արցախին օգնություն տրամադրելու գործընթացը։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաջիզադեն Արցախի արտգործնախարարի հետ հանդիպումը որակել է որպես հանդիպում «անջատողական ռեժիմի ներկայացուցչի» հետ։ Նա հայտնել է, թե իբր հանդիպումը նախատեսված է «քարոզչության համար», և այն գնահատել է որպես «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություն»:
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Ֆրանսիայի պաշտոնական կառույցները պետք է վերջ տան «սադրիչ և քայքայիչ գործունեությանը»։ Նա ասել է, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ այսպես կոչված «Ադրբեջանի տարածքում» ցանկացած մարդասիրական գործունեություն պետք է համաձայնեցվի և համակարգվի երկրի կառավարության հետ։
Ավելի վաղ Լորան Վոքիեն Արցախի արտգործնախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում են Ֆրանսիայում հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունների հետ միասին հումանիտար շարասյուն կազմակերպել, որը կփորձի հումանիտար օգնություն հասցնել Արցախ։
Ավելացնել նոր մեկնաբանություն