Թեհրանն ու Դամասկոսը քննարկել են քաղաքական և միջազգային իրադարձությունները
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին հանդիպում է ունեցել Սիրիայի փոխարտգործնախարար Իման Սուսանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայի շուրջ միջազգային ու քաղաքական զարգացումները։
Հանդիպման ընթացքում իրանցի պաշտոնյան ողջունել է արտաքին քաղաքականության զարգացումները և Սիրիայում կայունության ու անվտանգության ամրապնդումը։ Նա հիշեցրել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Սիրիայի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսությանը։
Սիրիայի փոխարտգործնախարարն այս հանդիպմանը հայտնել է նաև իր երկրի դիրքորոշումը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի միջև քառակողմ հանդիպման վերաբերյալ՝ ընդգծելով երկու երկրների միջև համակարգման անհրաժեշտությունը։
Նշենք, որ ապրիլի 3-4-ը Մոսկվայում նախատեսված են քառակողմ բանակցություններ՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները վերականգնելու հարցով։ Բանակցություններում երկրները ներկայացված են փոխարտգործնախարարների մակարդակով։
Ավելացնել նոր մեկնաբանություն