Submitted by D.Guyumjyan on
1

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնական հարաբերություններն ակտիվացել են. Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին անդրադարձել է Պեկինում Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ կողմերի միջև պաշտոնական հարաբերություններն ակտիվացել են։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Քաանանին հայտնել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորությունը։ Նրա խոսքով՝ արտգործնախարարները կոչ են արել իրագործել երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերը։

Իրանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի պատվիրակությունները կարևորել են տնտեսական ոլորտում հարաբերությունների ընդլայնմանն ուղղված ջանքերը, որոնք ապահովում են աշխատանքների վերսկսման իրավական հիմքերը: «Երկու երկրների միջև տեղի են ունեցել լավ և դրական բանակցություններ, և կողմերն աստիճանաբար պետական ու մասնավոր մակարդակներով տարբեր պատվիրակությունների այցեր կկազմակերպեն»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ Չինաստանի միջնորդությամբ Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին համաձայնվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատներն առավելագույնը երկու ամսվա ընթացքում: Այս շրջանակում ապրիլի 6-ին Պեկինում կայացել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն