Իրանի գերագույն առաջնորդը հայտնել է, որ Արևմուտքն իրականում մարդու իրավունքների թշնամին է
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Արևմուտքն իրականում մարդու իրավունքների թշնամին է, և վերջինս չպետք է խոսի մարդու իրավունքներից։ Ըստ «Դետք»-ի՝ ինչպես տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը, Ալի Խամենեին այս մասին ասել է Թեհրանում պարսից լեզվի և գրականության մի խումբ դասախոսների ու երիտասարդ բանաստեղծների հետ կայացած հանդիպման ժամանակ։
Ալի Խամենեին շեշտել է, որ Արևմուտքը, որը մշտապես խոսում է մարդու իրավունքներից, աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացվող վայրագություններին, պաղեստինցիների նկատմամբ կատարվող ոճրագործություններին և այլն։ Անդրադառնալով Թեհրանի փողոցներում հավատացյալ երիտասարդների սպանությանն Արևմուտքի ցուցաբերած աջակցությանը՝ Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ դա մարդու իրավունքների պաշտպանության կեղծ հայտարարությունների հերթական օրինակն է:
Վերջինս նշել է, որ բոլորը պետք է տեղյակ լինեն թշնամու փափուկ պատերազմի չափերի մասին: Նրա խոսքով՝ հատկապես մշակույթի բնագավառի մարդիկ պետք է ակտիվ լինեն ու հասարակությանը տեղեկացնեն թշնամու հարձակման մասին։
Նա միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել Իրանում մեծ թվով երիտասարդ ու հեղափոխական բանաստեղծների առկայության կապակցությամբ։ Ալի Խամենեին նշել է, որ բանաստեղծի ոգին զգացմունքային է, սակայն խնդիրների հետ առերեսվելիս պետք է ոչ թե էմոցիոնալ գործել, այլ կատարել պարտքը՝ մտածելով ու ճիշտ գնահատելով իրավիճակը, ինչպես նաև օգտվելով արվեստից:
Իրանի գերագույն առաջնորդն անդրադարձել է նաև երկրի ներքին գործերին տարբեր ձևերով միջամտելու փորձերին։ Նա այս համատեքսում քննադատել է հատկապես ԶԼՄ-ների միջոցով ապատեղեկատվության տարածման դեպքերը։ «Նման հարձակումներով թշնամին նպատակ ունի թուլացնելու երկրի մտավոր և կրթական ուժերը, անկախության, ազգային տոկունության ոգին և իսլամական միասնությունը»,- եզրափակել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն