Submitted by detq-editor on
Եվրամիության դիտորդների ներկայությունը սահմանի մոտ մտահոգում է Ադրբեջանին

Եվրամիության դիտորդների ներկայությունը սահմանի մոտ մտահոգում է Ադրբեջանին

Եվրամիությունում  Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովը նշում է, որ ԵՄ առաքելության ներկայությունն Ադրբեջանի հետ սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում։
«Սա (առաքելության տեղակայումը - խմբ․) երկկողմանի խնդիր է Հայաստանի և ԵՄ-ի միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային կետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ և Իրանի սահմանին ավելի մոտ՝ իրանական զինուժը։ Այժմ մենք ունենք նաև ԵՄ առաքելությունը։ Այսպիսով՝ մենք ունենք անվտանգության օրինական խնդիրներ»,- ասել է Սադիգովը POLITICO-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս առաքելությունը կարելի է դիտարկել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու Բրյուսելի փորձ։

Իր հերթին ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, POLITICO-ին ասել է, որ Բաքվի հետ հարաբերություններում ԵՄ-ն «այլ սցենարի հույս ուներ»՝ նշելով, որ Բրյուսելն Ադրբեջանի հետ կիսվում է Հայաստանում սահմանին պարեկության մասին տեղեկություններով։

«Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք համապատասխան բոլոր տեղեկությունները պարեկության և այլնի մասին, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիր»,- ասել է նա։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Եվրոպական խորհուրդը 2023 թվականի փետրվարին մեկնարկել է 100 հոգուց բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)՝ որպես ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության մաս՝ երկու տարի ժամկետով։ Առաքելության հայտարարված նպատակն է խթանել կայունությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության ձևավորումը տեղում և ստեղծել բարենպաստ միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ ԵՄ-ի կողմից աջակցվող ջանքերին:

Ավելացնել նոր մեկնաբանություն