Ղազախստանն աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Աստանան աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ըստ «Դետք»-ի՝ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Տոկաևն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Աստանայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Տոկաևը վերահաստատել է, որ իր երկիրն աջակցում է նաև երկու երկրների միջև հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։
«Կցանկանայի նաև նշել, որ Ղազախստանն ավանդաբար աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների դիվանագիտական կարգավորմանը, ինչպես նաև ողջունում է խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման ջանքերը։ Ընդհանուր առմամբ, մենք փոխըմբռնում ունենք փոխադարձ աջակցությունը շարունակելու և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման նպատակով համատեղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հարցում»,- ասել է նա։
Ղազախստանի նախագահը հավելել է, որ Ադրբեջանը և Ղազախստանն արդյունավետ փոխգործակցում են բազմակողմ տարբեր կառույցների շրջանակում, համանման դիրքորոշումներ են ընդունում բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի վերաբերյալ։ Նա բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահի հետ կայացած բանակցությունների արդյունքները և նշել, որ դրանք վերահաստատեցին կողմերի ուշադրությունը երկկողմ հարաբերությունների համակողմանի ամրապնդման վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն