Իրանն ու Ռուսաստանն ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր են ստորագրել
Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն ավիացիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագրեր են ստորագրել։ Այս մասին, ըստ «Դետք»-ի, որը հղում է անում ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը, ասել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշը։
«Իրանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով երկկողմ հուշագրեր և համաձայնագրեր են ստորագրվել օդաչուների պատրաստման ենթակառուցվածքների և ինքնաթիռների վերանորոգման ու սպասարկման կենտրոնների օգտագործման վերաբերյալ»,- ասել է նա։
Վերջինս նաև նշել է, որ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիան) այս ոլորտում ճանաչել է իրանական ստանդարտները։ Նրա խոսքով՝ ապագայում հնարավոր կլինի ինքնաթիռների վերանորոգման համար երկու երկրների արտադրած ցանկացած պահեստամաս համատեղ օգտագործել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վերանորոգման և սպասարկման համար առաջին անգամ Իրան է ուղարկել իր ինքնաթիռները։
Ավելացնել նոր մեկնաբանություն