Մատվիենկոն հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Մատվիենկոն այս մասին ասել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներով կայացած հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանն արել է և շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի եռակողմ համաձայնագրի շրջանակում, որը ժամանակին ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարել Սամարղանդում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում։
Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան ջանքերի ակտիվացման կարևորությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն