Իրանի ԳՇ պետը հայտնել է, որ վերջին 44 տարում իրանական բանակը պաշտպանել է երկրի տարածքային ամբողջականությունը թշնամիներից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ իրանական բանակը վերջին 44 տարում պաշտպանել է երկրի տարածքային ամբողջականությունը թշնամիներից։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Բաղերին այս մասին ասել է Ազգային բանակի օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում։
Բաղերին շեշտել է, որ Իրանի զինված ուժերը երկրի համար երաշխավորել է կայուն և աննախադեպ անվտանգություն։ Նրա խոսքով՝ ապրիլի 18-ը Իրանի Իսլամական հեղափոխության պատմության մեջ մեծ ու զգայուն իրադարձություն է հիշեցնում։
Իրանի ԳՇ պետը կարևորել է նաև պաշտպանության տարբեր ոլորտներում իրանական բանակի արձանագրած հաջողությունները, ինչպես նաև ցամաքային, օդային, ծովային և պաշտպանական ուժերում նոր ու ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերումը։ Նա նաև նշել է, որ ներքին կարողություններն Իրանի բանակը դարձրել են զսպման, հեղինակության, անվտանգության ու հպարտության խորհրդանիշ։
Նշենք, որ 1979 թվականից սկսած՝ Իրանում ամեն տարի ապրիլի 18-ին նշվում է երկրի բանակի և ցամաքային զորքերի ազգային օրը։
Ավելացնել նոր մեկնաբանություն