Թեհրանը հայտնում է ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցություններում առաջընթացի մասին
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև ընթացող բանակցություններում առաջընթաց է արձանագրվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
«Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցություններում առաջընթաց կա, և տեխնիկական ու փորձագիտական պատվիրակություններն ամեն օր շփվում են միմյանց հետ»,- ասել է նա։
Մոհամմադ Էսլամին հայտնել է, որ Իրանի միջուկային օբյեկտները ներկայումս 67 ռադիոդեղ են մատակարարում երկրի 210 բժշկական կենտրոններին և հիվանդանոցներին։ Նրա խոսքով՝ սա այն քանակն է, որի վրա իրենք աշխատում են՝ հաշվի առնելով ախտորոշիչ և թերապևտիկ ոլորտում առկա բազմազանությունը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ այս տարի կլինիկական փորձարկման փուլում է գտնվում երկու նոր տեսակի ռադիոդեղ։ Նա հավելել է, որ այժմ Իրանին անհրաժեշտ ռադիոդեղերն ամբողջությամբ արտադրվում են երկրի ներսում։
Ավելացնել նոր մեկնաբանություն