Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ադրբեջանն իր դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել 

Ադրբեջանն ապրիլի 14-ին Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ «Դետք»-ն այս մասին տեղեկանում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունից։

Ադրբեջանական կողմը պնդել է, որ Արամ Նիկոլյանը մի խումբ անձանց հետ դիտավորյալ հրկիզել է Ադրբեջանի դրոշը։ «Դրոշն այրվել է Ադրբեջանի քաղաքացիների և նրա շահերի դեմ հանցագործություններ կատարելու նպատակով և ուղղված է եղել Ադրբեջանի դեմ ատելություն սերմանելուն, ինչպես նաև ազգային արժանապատվության նվաստացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Նիկոլյանին մեղադրանք է առաջադրել մի շարք շինծու հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Բացի դրանից՝ այս շինծու քրեական գործի քննությունն իրականացնելու նպատակով օտարերկրյա պետությունների իրավապահ մարմիններին ուղարկվել են իրավաբանական օգնության հարցումներ՝ Արամ Նիկոլյանի նկատմամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու խնդրանքով։ Ադրբեջանի դատախազությունն օտարերկրյա պետություններից պահանջում է կալանավորել Նիկոլյանին և արտահանձնել, եթե վերջինս հատի այդ երկրների պետական սահմանը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի իշխանությունները փորձում են ամեն կերպ միջազգային հնչեղություն հաղորդել Երևանում տեղի ունեցած միջադեպին և հնարավորության դեպքում հասնել Արամ Նիկոլյանի կալանավորմանը։ Միևնույն ժամանակ Ալիևի ռեժիմը դրոշն այրած ՀՀ քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ցանկության հետ մեկտեղ չի ցանկանում հաշվի առնել, որ իր որոշմամբ Ադրբեջանում ազատ է արձակվել և հերոսացվել քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած Ռամիլ Սաֆարովը։

Ավելացնել նոր մեկնաբանություն