Submitted by D.Guyumjyan on
DETQ

Վրաստանը և Ադրբեջանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին:  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների միջև կապերի հաջող զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական: «Պետության ղեկավարը և Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բուրչուլաձեն հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության խորացման մասին համաձայնագիր են ստորագրել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են համագործակցություն ծավալել երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև։ Կողմերը նաև անդրադարձել են Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությանը։

#Դետքի_հետագծով

Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության ձևաչափը նոր չէ, այն մեկնարկել է դեռևս 2012 թվականից։ Այս շրջանակում երկու երկրները մշտապես խորացնում են իրենց ռազմական փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափերով։ 

Միևնույն ժամանակ Ադրբեջանը Վրաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, ինչպես նաև տարբեր նախագծերի իրականացմամբ տասնամյակներ շարունակ Հայաստանը շրջափակելու քաղաքականություն է վարել և այժմ էլ ամեն կերպ ցանկանում է շարունակել այդ քաղաքականությունը։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն