Submitted by detq-editor on
ԵՄ երկրների մեկ երրորդն Ադրբեջանի ռազմավարական գործընկերներն են. Ալիև

ԵՄ երկրների մեկ երրորդն Ադրբեջանի ռազմավարական գործընկերներն են. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Բուլղարիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունները ցույց են տալիս երկրների միջև համագործակցության մակարդակը, ինչպես նաև քաղաքական երկխոսության դինամիկան։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Սոֆիայում Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի գազատրանսպորտային օպերատորների և ադրբեջանական SOCAR ընկերության միջև կայացած փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ։

Ալիևը պնդել է՝ նման դինամիկան ցույց է տալիս, որ Բուլղարիան և Ադրբեջանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլև միևնույն ժամանակ երկու բարեկամներ։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը շատ կարևոր և ժամանակին կատարված քայլ է էներգետիկ անվտանգության տեսանկյունից, քանի որ հնարավորություն է տալիս ընդլայնելու Ադրբեջանի ազգային գազի մատակարարումների աշխարհագրությունը դեպի Եվրոպա՝ միևնույն ժամանակ նպաստելով վերջինիս էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Նա շեշտել է, որ Ադրբեջանը Եվրոպայի հուսալի գործընկերն է, և դա վերաբերում է ոչ միայն էներգետիկ ոլորտին, այլև շատ այլ ոլորտների․ դրա ապացույցն է այն, որ Ադրբեջանը ԵՄ անդամ 9 երկրների հետ ստորագրել և ընդունել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրեր ու հռչակագրեր։

«Սա նշանակում է, որ ԵՄ երկրների մեկ երրորդն Ադրբեջանի ռազմավարական գործընկերներն են, և այս գործընկերությունը շատ կարևոր ապագա ունի»,- հայտարարել է Ալիևը։

Ավելացնել նոր մեկնաբանություն