Իրանի պաշտպանական տեխնիկան մտնում է համաշխարհային շուկա. իրանցի բարձրաստիճան զինվորական
Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Աֆշին Հաջե Ֆարդը հայտարարել է, որ Իրանը հասել է ինքնաբավության ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Աֆշին Հաջե Ֆարդը շեշտել է, որ ներկայումս շատ երկրներ դիմում են Թեհրանին՝ իրանական պաշտպանական արտադրանքը ձեռք բերելու համար։ Նա միևնույն ժամանակ բարձր է գնահատել անշարժ և շարժական թևերով անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում արձանագրված առաջընթացը:
«Սկզբում մենք փորձեցինք ռազմական տեխնիկա գնել, բայց մեզ չհաջողվեց դա անել Արևմուտքի պատժամիջոցների պատճառով։ Այնուամենայնիվ, այսօր մենք հասել ենք մի մակարդակի, որ կարող ենք տարբեր երկրներից բազմաթիվ հարցումներ ստանալ մեր պաշտպանական տեխնիկայի ձեռքբերման և համագործակցության համար»,- ասել է նա։
Վերջինս միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ Իրանի հասարակության շրջանում հայրենական արտադրանքի նկատմամբ վստահությունը դեռևս ցածր է։ Նա, սակայն, ուշադրություն է հրավիրել այն բանին, որ սարքավորումների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման բազմաթիվ հարցումները վկայում են դրանց բարձր վարկանիշի մասին։ «Ուստի մենք պետք է մեծացնենք մեր ներքին ուժը և վերափոխենք մեր համոզմունքները»,- ասել է Աֆշին Հաջե Ֆարդը։
#Դետքի_հետագծով
Վերջին տարիներին Իրանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկում երկրի ներսում ռազմական տեխնիկայի արտադրության նպատակով, և կարող ենք պնդել, որ տարիների ընթացքում երկիրն այս ուղղությամբ լուրջ առաջընթաց է արձանագրել։ Իրանական արտադրության սպառազինությունը հաջող կիրառվում է ամենատարբեր տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքից ընդհուպ Արևելյան Եվրոպա։
Հայաստանը նույնպես պետք է լուրջ քայլեր ձեռնարկի՝ իրանական արտադրության սպառազինություն ձեռք բերելու համար, որը զգալի չափով կհավասարակշռի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա կարծում ենք, որ վերջինս պատրաստ կլինի Հայաստանին սպառազինություն վաճառել։
Ավելացնել նոր մեկնաբանություն