Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ադրբեջանն ուկրաինական հակամարտությունն օգտագործում է ի շահ իրեն

Կովկասի հարցերով իրանցի հետազոտող Համեդ Խոսրոշահին հայտարարել է, որ Ադրբեջանն Ուկրաինայում ընթացող հակամարտությունն օգտագործում է ի շահ իրեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտվում է կովկասյան տարածաշրջանում ներգրավված դերակատարների զբաղվածությունից՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի դեմ իր նպատակներն իրագործելու համար: Նրա խոսքով՝ ուկրաինական ճակատում Ռուսաստանի զբաղվածությունն Ալիևին թույլ տվեց ավելի վստահ առաջ տանել իր գործողությունները։

Խոսրոշահին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանն իր վերջին արկածախնդրություններն իրականացրել է Իսրայելի ռեժիմի աջակցությամբ։ «Թել Ավիվի աջակցությամբ Բաքվի արկածախնդրություններից հետո Թեհրանն Ալիևին զգուշացրեց հետևել բարիդրացիության սկզբունքին»։

Վերջինս միևնույն ժամանակ հավելել է, որ Իրանն իր զինված ուժերով և զենքով թույլ չի տա երրորդ երկրների հետ իր աշխարհաքաղաքական սահմանները փոփոխվեն՝ թեկուզ նվազագույն չափով։  

#Դետքի_հետագծով

Իսկապես, Ադրբեջանը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ամեն կերպ փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից և այդ համատեքստում առաջ մղել սեփական շահերը։ Կարող ենք պնդել, որ Ադրբեջանն ամեն կերպ սադրանքներ է հրահրում, որպեսզի հեղինակազրկի Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբին և կարողանա վիժեցնել նրանց գործունեության ժամկետի երկարաձգումը, որն ավարտվում է 2025 թվականին։

Միևնույն ժամանակ վերլուծելով նախորդ մեկ տարում Բաքվի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ կատարված սադրանքները՝ կարող ենք փաստել, որ դրանք ակտիվանում են հատկապես այն ժամանակ, երբ ռուսական կողմն ուկրաինական ճակատում անհաջողություններ է ունենում։

Ավելացնել նոր մեկնաբանություն