Submitted by detq-editor on
Ադրբեջանի ԱԳ նախարարը Լիտվայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը

Ադրբեջանի ԱԳ նախարարը Լիտվայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Լիտվայի փոխարտգործնախարար Մանթաս Ադոմենասի հետ։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ու դրանց կարգավորման գործընթացում Հայաստանի «ապակառուցողական» դիրքորոշման շուրջ։

Բայրամովը լիտվացի գործընկերոջը տեղեկացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի, Արցախի օկուպացված տարածքներում Բաքվի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման, ինչպես նաև խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ Բաքվի գործադրած ջանքերի մասին։

Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, թե իբր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող քայլերը «բախվում են Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշմանը և սադրանքներին»։

Ադրբեջանական կողմը տեղեկություններ է հայտնել նաև Լաչինի միջանցքում «Հայաստանի կողմից իրականացվող գործունեության մասին»։ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սահմանային անցակետի ստեղծումը «կապահովի թափանցիկություն և անվտանգություն»։ Լիտվայի փոխարտգործնախարարը հայտնել է, որ Լիտվան շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում կապահովվեն խաղաղություն և անվտանգություն՝ շեշտելով, որ լիտվական կողմը պատրաստ է աջակցել այդ գործընթացին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն