Ռուսաստանը հանդես է գալիս Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման օգտին. Վոլոդին
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման օգտին։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Վոլոդինն ասել է «Ռուս-իրանական համագործակցությունը փոփոխվող աշխարհում» թեմայով միջազգային համաժողովին ուղղված իր ուղերձում։
Նա շեշտել է՝ իրավացի էին փորձագետները, որոնք վերջին տարիներին կենտրոնացել էին Իրանի հետ հարաբերությունների զարգացման վրա։ «Արևմուտքի վերջին պատժամիջոցներից և Ռուսաստանի վրա ճնշումներից հետո մենք զգում ենք, որ վերջին տարիներին իրավացի էին փորձագետները, ովքեր կենտրոնացել էին Իրանի հետ հարաբերությունների զարգացման վրա»,- ասել է Վոլոդինը։
Ռուս պաշտոնյան հայտնել է, որ երկու երկրներն էլ հանդես են գալիս անկախ արտաքին քաղաքականության օգտին և սերտորեն համագործակցում են նրանց դեմ, ովքեր փորձում են գերիշխել ուրիշների վրա և միակողմանիորեն ապահովել իրենց անվտանգությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները ստիպել են կարևորել Մոսկվայի և Թեհրանի միջև փոխգործակցության խորացումը։
Վոլոդինը հավելել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել։
#Դետքի_հետագծով
Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի նկատմամբ գործադրվող աննախադեպ ճնշումների պայմաններում Մոսկվան զգալի ջանքեր սկսեց գործադրել այլ տարածաշրջանների և այդ տարածաշրջանային դերակատար համարվող երկրների հետ հարաբերությունները խորացնելու համար։ Անշուշտ, այդ երկրներից մեկն էլ Իրանն էր, որի հետ Ռուսաստանն ավանդաբար ունեցել է բարեկամական հարաբերություններ և ընդհանուր շահեր։
Իրանի տեսանկյունից նույնպես Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը լուրջ հնարավորություն է արևմտյան պատժամիջոցների հետևանքները չեզոքացնելու հարցում։ Ներկայումս երկու երկրները համագործակցում են ամենատարբեր ոլորտներում՝ առևտրատնտեսականից ընդհուպ ռազմարդյունաբերություն։
Ավելացնել նոր մեկնաբանություն