Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհին զուգահեռ վերահսկողություն իրականացնելու առաջարկը. Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհին զուգահեռ վերահսկողություն իրականացնելու առաջարկը։ Ըստ «Դետք»-ի՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Բայրամովն այս մասին ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ Բաքուն իրավիճակի հանգուցալուծման նպատակով բազմաթիվ առաջարկներ է արել, որոնցից մեկն էլ ճանապարհին թափանցիկ ռեժիմ ապահովելն էր։ «Սակայն հայկական կողմը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից»,- ասել է նա։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդել է, որ Ադրբեջանը Լաչինի ճանապարհին թափանցիկ հսկողություն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին համապատասխան քայլեր է ձեռնարկել՝ անցակետի գործառույթ իրականացնելու համար։ Նա հավելել է, որ Լաչինի ճանապարհը կարող է օգտագործվել քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների փոխադրման համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը հայտնել է Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրման մասին, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանական կողմը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Այս խախտումներից հերթականն ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումն էր, որի անխափան գործունեությունը սահմանված է եռակողմ հայտարարության վեցերորդ կետով։
Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը փորձում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար ապահովել գործունեության նույն ռեժիմը, որը գործում է Լաչինի միջանցքում։ Այս մասին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ամենաբարձր մակարդակով, և ներկայումս Բաքվի գործողությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը շարժվում է իր նպատակների իրականացման ուղղությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն