Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, որը Ռուսաստանը ճանաչում է որպես ագրեսոր պետություն
Հայաստանն ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին բանաձևին, որի նախաբանում հիշատակվում է «Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի և մինչ այդ Վրաստանի դեմ ագրեսիան»։ Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքից։
Բանաձևի սկզբում առկա է հետևյալ ձևակերպումը. «Ընդունելով նաև, որ աննախադեպ մարտահրավերները, որոնք այժմ Եվրոպայի դեմ են կանգնած Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի և մինչ այդ Վրաստանի դեմ ագրեսիայից ու Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի Դաշնության անդամակցության դադարեցումից հետո, կոչ ենք անում ամրապնդել համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջև՝ հատկապես ցանկացած պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու քաղաքական անկախության հարգման վրա հիմնված խաղաղության և անվտանգության արագ վերականգնման ու պահպանման համար, ռազմական գործողությունների ընթացքում ապահովել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, տուժածներին փոխհատուցել և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղավորներին»։
Հատկանշական է, որ բանաձևին կողմ են քվեարկել նաև Չինաստանը, Թուրքիան, Ղազախստանը։ Բանաձևին դեմ քվեարկած երկրներն են Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սիրիայի Արաբական Հանրապետությունը։ Ձեռնպահ են մնացել Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Վենեսուելան, Սերբիան ու ևս 13 երկիր։
#Դետքի_հետագծով
Հայաստանի կողմից չափազանց լուրջ սխալ է հակառուսական նման բանաձևերին կողմ քվեարկելը։ Անկախ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներից և այն հանգամանքից, որ Ռուսաստանին չի հաջողվում ամբողջովին կատարել Հայաստանի ու Արցախի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, այնուամենայնիվ Հայաստանի կողմից նման քայլերը Մոսկվայի համար ընկալելի չեն լինի և կունենան հետևանքներ։
Այստեղ չափազանց հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել Ադրբեջանը, որը ձեռնպահ է քվեարկել բանաձևին։ Նախկինում նման բանաձևերի ընդունման ժամանակ Հայաստանը նույնպես ձեռնպահ էր քվեարկում։
Ավելացնել նոր մեկնաբանություն