Submitted by detq-editor on
 Թուրքիան ներկայացրել է «TF-X» կործանիչի նախատիպը

Թուրքիան ներկայացրել է «TF-X» կործանիչի նախատիպը

Թուրքիայի հինգերորդ սերնդի կործանիչը, որը նախկինում հայտնի էր որպես «TF-X», պաշտոնապես ստացել է KAAN անվանումը։ Անվան մասին մանրամասները հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 
Քաանը (Kaan) արական սեռի թուրքական անուն է, որը նշանակում է «տիրակալ» կամ «արքա»: Տեղական «TF-X KAAN» կործանիչը, որը մշակել է «Turkish Aerospace Industries»-ը (TAI), նախատեսված է փոխարինելու «F-16»-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում։ 

«TF-X»-ի մշակումը սկսվել է 2010 թվականին, գործընթացը զգալիորեն արագացավ 2019 թվականին այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս մնաց «F-35»-ի ծրագրից։ Անկարայի մասնակցությունը «F-35»-ի ծրագրին չեղարկվել էր 2019 թվականի հուլիսի 18-ին՝ ռուսական «С-400» հրթիռային համակարգերի գնման հետ կապված Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վեճից հետո։

Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի ռազմաօդային ուժերն այլընտրանքներ են փնտրում կործանիչների արդիականացման համար: 

Ըստ «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության՝ «TF-X» կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը հետևյալն է. 
առավելագույն բարձրությունը՝ ~16.8 կմ,
առավելագույն թռիչքային զանգվածը՝ ~27.200 կգ, 
առավելագույն արագությունը՝ 2 մախ (~2470 կմ/ժ), 
գործողության շառավիղը՝ ~1000 կմ, 
երկարությունը՝ 19 մ:

Կործանիչին անդրադարձել է հունական մամուլը, ինչին ի պատասխան՝ Էրդողանը նշել է. «Ջրից այն կողմ գտնվող որոշ ուժեր անհանգիստ են»:

Ավելացնել նոր մեկնաբանություն