Վրաստանը հրաժարվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց
Վրաստանի պաշտպանության ուժերն այս տարի չեն մասնակցի ՆԱՏՕ-ի երկրների և նրանց գործընկերների՝ «Defender» բազմազգ զորավարժություններին, որոնք տեղի են ունենում Եվրոպայում։ Այս մասին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից։
Ինչպես նշվում է նախարարության հաղորդագրության մեջ, պաշտպանության ուժերը մշտապես մասնակցում և անցկացնում են միջազգային վարժանքներ՝ մարտունակությունը բարելավելու նպատակով։
Այս տարի Վրաստանի պաշտպանության գերատեսչությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների հետ մասնակցել է չորս միջազգային վարժանքի։ Մինչև տարեվերջ վրացի զինվորականները ներկայացված կլինեն ևս մի քանի միջազգային վարժանքներում։
«Ինչ վերաբերում է «Defender 2023» զորավարժություններին Վրաստանի անմիջական մասնակցությանը, ապա ուզում եմ հիշեցնել, որ ելնելով Պաշտպանության ուժերի նպատակներից և խնդիրներից՝ մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ ակտիվ շփման և նրանց առաջարկությունների միջոցով որոշվել է ավելի շատ ջանքեր ու ռեսուրսներ ուղղորդել այնպիսի միջազգային և տեղական զորավարժություններին, որոնք ավելի շատ են հաշվի առնում վերոնշյալ խնդիրները, ներառյալ մարտական պատրաստության բարձրացումը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների հետ փոխգործունակության բարձրացումը, փորձի փոխանակումը և մասնագիտական հմտությունների բարելավումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն