Submitted by detq-editor on
DETQ

ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարը հայտնել է՝ անվտանգությունն ապահովելու հարցում արտատարածաշրջանային ուժերի կարիք չկա

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Ամրոլլահ Նոզարին հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու համար արտատարածաշրջանային ուժերի կարիք չկա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Նոզարին շեշտել է, որ օտարերկրյա ուժերի կարիքը չի զգացվում, քանի որ Իրանը և հարևան երկրները համագործակցում են՝ ռազմավարական ջրային ճանապարհի անվտանգությունը երաշխավորելու համար: Նրա խոսքով՝ Իրանի անվտանգության հովանոցն ընդլայնվել է ողջ տարածաշրջանով, և ներկայումս երկիրն այս հարցում համագործակցում է տարածաշրջանային այլ պետությունների հետ։

Վերջինս նաև բարձր է գնահատել Պարսից ծոցի ազգային օրվա կապակցությամբ Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգում կայացած ռազմածովային շքերթը։ Նա վերահաստատել է, որ ԻՀՊԿ-ի նավատորմը պատասխանատու է տարածաշրջանում ազգային և նավագնացության անվտանգությունը պահպանելու հարցում: 

Ամրոլլահ Նոզարին հավելել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերն ակտիվ և ուժեղ ներկայություն ունեն տարածաշրջանում՝ Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նա ասել է, որ դա իրականացվում է ինչպես Իրանի, այնպես էլ հարևան այլ պետությունների համար։

#Դետքի_հետագծով

Իրանի շահերի տեսանկյունից Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը կենսական նշականություն ունեն, և երկիրն ամեն կերպ փորձում է ամրապնդել այս տարածաշրջանի անվտանգությունը։

Այս տարածաշրջանում Իրանին փորձում է հակազդել իր գլխավոր հակառակորդ Միացյալ Նահանգները, որը պարբերաբար այստեղ զորավարժություններ է անցկացնում և գրավում իրանական կողմի ուշադրությունը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ամրապնդում է իր հարաբերություններն այն երկրների հետ, որոնք Իրանի հետ խնդիրներ ունեն, և վերջիններիս ընդգրկում նման զորավարժանքներում։

Ավելացնել նոր մեկնաբանություն