Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ադրբեջանում դժգոհ են հայ-իրանական հարաբերություններից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանում դժգոհ են հայ-իրանական հարաբերություններից։ Ըստ «Դետք»-ի՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ալիևն ասել է օկուպացված Շուշի քաղաք կատարած այցելության ժամանակ։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ որպես քաղաքական գործիչներ՝ իրենք հասկանում են, որ երկրներն արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունեն, Իրանն ու Հայաստանը հարևաններ են։

Ալիևն ասել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները ներկայումս գտնվում են շատ ցածր մակարդակի վրա։ Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունների ապագայի կանխատեսումը չափազանց բարդ է։

Վերջինս հերթական անգամ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը որակել է որպես ահաբեկչություն, որն իրականացվել է միտումնավոր։ Նա հավելել է, որ հարձակման նպատակն էր սպանել ադրբեջանցի դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին։

#Դետքի_հետագծով

Հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև Իրանի կողմից Հայաստանին աջակցող հայտարարություններն Ադրբեջանում մշտապես դժգոհությունների պատճառ են դառնում։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահը տասնամյակներ շարունակ փորձել է Արցախյան հակամարտությանը կրոնական համատեքստ հաղորդել և ապահովել իսլամական երկրների աջակցությունը։ Ադրբեջանում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումը մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ իսլամադավան Իրանն աջակցում է քրիստոնյա Հայաստանին։

Ավելացնել նոր մեկնաբանություն