Առանց ԼՂ կարգավիճակի խնդրի կարգավորման անհնար է հասնել տևական խաղաղության. «Ամերիկայի ձայն»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքն անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը, այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա խոսքով՝ առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, այդ թվում՝ կոմունիկացիայի, փախստականների, սահմանների, բնական ռեսուրսների կառավարման և այլ հարցեր: Դեսպան Ուորլիքը կարևորում է հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ շեշտելով, որ առանց կարգավիճակի խնդրի կարգավորման, որը կգոհացնի կողմերին, անհնար է հասնել տևական խաղաղության:
«Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի համար անկախության մասին: Չեմ կարծում, որ այդ հարցը դրված է բանակցային սեղանին, հատկապես Ադրբեջանի տեսանկյունից, բայց կարող է լինել ինքնորոշման որոշակի աստիճան, որն ընդունելի լինի Բաքվի համար»,- ասել է Ուորլիքը:
Նրա պնդմամբ՝ մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այսօր Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, իսկ ինչպիսի ձևակերպում դա կստանա փաստաթղթում, դեռևս անհայտ է, նշում է նախկին դեսպանը:Ըստ նրա՝ Բաքուն էլ պետք է ցույց տա, որ Լեռնային Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ, որպեսզի դա ընդունելի լինի Հայաստանի համար: Ուորլիքը նաև կարևոր հիմնախնդիր է համարում Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ այս բանակցությունները վկայում են, որ կողմերն ունեն այն գիտակցումը, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է:Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, սակայն մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Ավելացնել նոր մեկնաբանություն