Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ Ռայիսին և Ասադը արդյունավետ բանակցություններ են վարել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի քաղաքական հարցերով օգնական և աշխատակազմի ղեկավար Մոհամմադ Ջամշիդին հայտարարել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսին Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ լուրջ և շատ կառուցողական բանակցություններ է անցկացրել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Ջամշիդին շեշտել է՝ այդ բանակցությունները նպաստում են երկարաժամկետ տնտեսական համագործակցության ամրապնդմանը և երկու երկրների շահերին: Նա հայտնել է, որ Իրանի և Սիրիայի նախագահները գնահատել և համակարգել են տարածաշրջանում՝ հատկապես Պաղեստինում տիրող ռազմավարական իրավիճակը։

Իրանցի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռայիսին և Ասադը շատ կարևոր համաձայնության են հասել իրենց ժողովուրդների համար երկարաժամկետ և շահավետ տնտեսական համագործակցության ամրապնդման համատեքստում։ Նրա խոսքով՝ պաշտոնական Թեհրանը կարևորում է Դամասկոսի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով պաշտոնական այցով մեկնել էր Սիրիա։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը հետևողական քայլեր է ձեռնարկում Սիրիայի հետ հարաբերություններն ամրապնդելու նպատակով։ Այդ համատեքստում Ռայիսիի այցի ընթացքում կողմերը ստորագրել են բազմաթիվ հուշագրեր, որոնք վերաբերում են ամենատարբեր ոլորտների։

Միևնույն ժամանակ հարաբերությունների ամրապնդմամբ երկու երկրները փորձում են հակակշռել իրենց ընդհանուր հակառակորդ Միացյալ Նահանգների գործողությունները։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն