Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանական կողմը պնդում է՝ Վաշինգտոնը միջուկային համաձայնության համար չունի անհրաժեշտ քաղաքական կամք

Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային բանակցող թիմի խորհրդական Մոհամմադ Մարանդին հայտարարել է, որ Վաշինգտոնը չունի անհրաժեշտ քաղաքական կամք միջուկային համաձայնության հասնելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Մարանդին ասել է իրանական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Վիեննայում ամիսներ շարունակ տևած ինտենսիվ բանակցություններից և 2022 թվականի օգոստոսի 8-ին դրանց դադարեցումից հետո պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները հասել են մի փուլի, երբ ԱՄՆ-ն՝ որպես միջուկային համաձայնագիրը խախտող կողմ, պետք է ընդունի Իրանի ողջամիտ պահանջները և քայլեր ձեռնարկի՝ վերջնական համաձայնության հասնելու համար: Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ, սակայն հակառակ կողմը չունի անհրաժեշտ քաղաքական կամք։

Մարանդին շեշտել է՝ Վաշինգտոնը քաղաքական կամք չունի ստորագրելու այս համաձայնագիրը, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խուսափում է այն ստորագրելուց՝ վախենալով, որ իր հակառակորդներն առաջիկա նախագահական ընտրություններում դա կօգտագործեն իր դեմ։

Նա հավելել է նաև, որ Իրանի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ բավականին զարգացել են։ Պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանն ընդլայնում է իր հարաբերությունները նաև հարավամերիկյան երկրների հետ։

#Դետքի_հետագծով

Իսկապես ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը խուսափում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնումից, քանի որ մտավախություններ ունի, որ դա 2024 թվականի նախագահական ընտրություններում կօգտագործվի իր դեմ։ ԱՄՆ գործող նախագահ Բայդենի հավանական մրցակիցը՝ Դոնալդ Թրամփն այն գործիչն է, որը 2018 թվականին միակողմանիորեն դուրս եկավ Իրանի և վեց պետությունների միջև մեծ դժվարությամբ ձեռք բերված միջուկային գործարքից։

Չնայած նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բայդենը պատրաստակամություն է հայտնել վերականգնել գործարքը, սակայն մինչև այսօր այդ հարցում առաջընթաց չի հաջողվել արձանագրել և հավանաբար չի էլ հաջողվի։

Ավելացնել նոր մեկնաբանություն