Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանցի պատգամավորն առաջարկում է փակել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունը

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավոր Ահմադ Նադերին առաջարկել է փակել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Նադերին անդրադարձել է երկրի իշխանությունների կողմից ադրբեջանցի չորս դիվանագետի արտաքսման որոշմանը։ Նրա խոսքով՝ այժմ պետք է կատարել հաջորդ քայլը և փակել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանը։

Պատգամավորը շեշտել է՝ Ալիևի ռեժիմի հետ ուժից բացի այլ լեզվով չի կարելի խոսել։ Նրա համոզմամբ՝ մեղմ վերաբերմունքը սրում է այդ բռնապետի երևակայությունը։

Նա հավելել է, որ Իրանը զսպվածություն է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, սակայն Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են հակաիրանական հայտարարություններ անել։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն ադրբեջանցի չորս դիվանագետի անցանկալի անձ էր հայտարարել։ Իրանական կողմն ադրբեջանցի դիվանագետների արտաքսման որոշումը կայացրել էր ի պատասխան ավելի վաղ Ադրբեջանից իրանցի չորս դիվանագետի արտաքսման քայլի։

#Դետքի_հետագծով

Թավրիզում Ադրբեջանի գլխավոր դեսպանատան գործունեությունը դուր չի գալիս Իրանի իշխանություններին, քանի որ այն քողարկված կերպով գործում է Իրանի պետական շահերի դեմ։ Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը հավակնություններ ունի Թավրիզի և Իրանի հյուսիսարևելյան շրջանների նկատմամբ, որոնք ներկայացնում է տխրահռչակ «Հարավային Ադրբեջան» ձևակերպմամբ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն