Ալիջան-Մարգարա ցամաքային անցակետը նախապատրաստվում է բացման. Հուլուսի Աքար
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ներկայումս ընթանում են հայ-թուրքական սահմանի Ալիջան-Մարգարա հսկիչ անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Աքարը հայտնել է Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ իր հոդվածում։
«Մենք արդեն դրական քայլեր ենք ձեռնարկել, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել և պայմանավորվել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագետների համար համատեղ անցակետեր բացելու շուրջ։ Ուղիղ բեռնափոխադրումները նախնական դիվանագիտական շփումների ևս մեկ կոնկրետ արդյունք են»,- նշել է նա։
Թուրք պաշտոնյայի համոզմամբ՝ Հայաստանի և նրա հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։ Նա նշել է, որ դա կշրջի պատմական թշնամանքը, ճանապարհ կհարթի ամուր բարեկամության և համագործակցության համար:
Հիշեցնենք, որ Ալիջան-Մարգարա սահմանային անցակետը գործարկվել է այս տարվա փետրվարին, երբ հայ փրկարարները Հայաստանից Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի գոտի հումանիտար օգնություն են տեղափոխել։
#Դետքի_հետագծով
Հայ-թուրքական ցամաքային սահմանը Թուրքիայի կողմից փակվել է դեռևս 1993 թվականին, երբ հայկական ուժերն Արցախում ազատագրեցին Քարվաճառը։ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ Թուրքիան չի գնա Հայաստանի հետ սահմանի ամբողջական բացմանը, քանի դեռ Հայաստանը չի կատարել իր բոլոր պահանջները։
Ավելացնել նոր մեկնաբանություն