Իրանի ռազմաօդային ուժերը շարունակում են կատարելագործվել և արդիականանալ
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար Համիդ Վահեդին հայտարարել է, որ իրանական ռազմաօդային ուժերը շարունակում են կատարելագործվել և արդիականանալ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Վահեդին ասել է իրանական «Mehr» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Վահեդին շեշտել է, որ հնարավորությունները վերաբերելու են ինչպես մարդատար, այնպես էլ անօդաչու ինքնաթիռներին։ «Օդուժի հզորությունն աճում է, և ինչպես նախկինում ասացի, մենք չպետք է կանգ առնենք նույնիսկ մի պահ, որովհետև եթե կանգ առնենք, մենք հետ կմնանք»,- ասել է նա։
Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարի խոսքով՝ չնայած Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանն ունի ամենացածր ռազմական բյուջեներից մեկը, այնուամենայնիվ այդ հանգամանքը չի խանգարել, որ երկիրն ուժեղացնի իր պաշտպանական հզորությունը։ Նա նշել է, որ Իրանը նախորդ տասնամյակներին բախվել է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի մշտական սպառնալիքներին՝ կոշտ ու անմարդկային պատժամիջոցների տեսքով։
Վերջինս հավելել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը ծրագրում են առաջիկա շաբաթներին ստանալ ժամանակակից «Սու-35» ծանր օդային գերակայության կործանիչների առաջին խմբաքանակը։
#Դետքի_հետագծով
Իրանական զինված ուժերը վերջին անգամ նման առաջադեմ կործանիչներով համալրվել է 1970-ականների կեսերին, երբ երկիրը ձեռք բերեց «Grumman F-14A Tomcat» կործանիչները։ Ի տարբերություն «F-14A»-ի, որն ուներ շատ սահմանափակ «օդ-ցամաք», «օդ-ծով» հնարավորություններ և խնդրահարույց շարժիչներ, «Սու-35»-ը կործանիչ է, որը գերազանց կարող է կատարել բոլոր տեսակի առաքելությունները:
Միևնույն ժամանակ Իրանի ռազմաօդային ուժերը նաև կոնկրետ քայլեր են ձեռնարկել՝ բարելավելու գոյատևման և հակահարձակման կարողությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն