Ժամանակակից տեխնոլոգիաներն ամրապնդում են Թուրքիայի հեղինակությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի կողմից մշակված բարձր տեխնոլոգիական սպառազինության համակարգերի շնորհիվ, որոնք տեղում փոխում են «խաղի կանոնները», միջազգային ասպարեզում ամրապնդվում է Թուրքիայի հեղինակությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Էրդողանը շեշտել է, որ թուրքական պաշտպանական ընկերությունների զարգացումները հնարավորություն են տվել ամրապնդելու Թուրքիայի զինված ուժերի և բարեկամ ու դաշնակից երկրների բանակների հզորությունը։
Նրա խոսքով՝ երկրի տեխնոլոգիական զարգացման գործում մեծ ներդրում ունեն ինչպես երկրի խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունները և համալսարանները, այնպես էլ փոքր և միջին բիզնեսը, որը մնում է տնտեսության հիմնական շարժիչ ուժը։
Թուրքիայի նախագահը նկատել է, որ թուրքական «SAHA İstanbul» հարթակը միավորում է երկրի խոշոր ընկերությունները, համալսարանները, հետազոտական կենտրոնները, կարևոր հարթակ է դարձել երկրի տեխնոլոգիական զարգացման համար։
#Դետքի_հետագծով
Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման շրջանում մեծ ուշադրություն է դարձվել և դարձվում ռազմարդյունաբերության զարգացմանը և հատկապես թուրքական արտադրության խթանմանը։ Հայրենական արտադրանքի խթանմամբ թուրքական կողմը նպատակ ունի այս հարցում թուլացնելու երկրի կախվածությունն իր միջազգային գործընկերներից, որոնք ամենատարբեր հարցերում Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար վերջինիս նկատմամբ սահմանում են սպառազինության վաճառքի արգելքներ։
Այս համատեքստում առանցքային դեր են խաղում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը, որոնք ցավոք օգտագործվեցին նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և նպաստեցին Ադրբեջանի կողմից ռազմական հաջողությունների արձանագրմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն