komandos

Շուշին ներկա իրականության մեջ. Շուշիի տխրահռչակ հռչակագիրը

2020 թ. Արցախյան պատերազմի վերջում՝ նոյեմբերի 4-ին, ադրբեջանական ուժերը սկսեցին Շուշիի վրա հարձակման գործողությունները, նոյեմբերի 7-ին քաղաքն ընկավ։ Հակառակորդն օգտագործել է հատուկ ջոկատայինների և թեթև հետևակի գրեթե ողջ ներուժը։ Քանի որ հրետանին դեռևս չէր մոտեցվել մարտական գործողությունների վայր ու չէր կարող կրակով օգնել նրանց, հարվածները հասցվում էին հեռահար համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ԱԹՍ-ների միջոցով։

Օկուպացված Շուշիում 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»:

Ըստ «Շուշիի հռչակագրի»՝

  1. եթե որևէ երկիր, այդ թվում՝ Հայաստանը, փորձի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա թուրք-ադրբեջանական ճակատը համատեղ ռազմական գործողություն կսկսի,
  2. Թուրքիան ու Ադրբեջանը ժխտում են Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ միասնական ջանքերով պայքարելու են ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ,
  3. պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիա-Ադրբեջան համագործակցության շնորհիվ Ադրբեջանը հնարավորություն ունի դառնալու ԱԹՍ-ներ արտադրող կենտրոն,
  4. Թուրքիան ու Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքով» իրականացնելու են իրենց տնտեսական ու քաղաքական նպատակները:

Թուրքիան երկար ժամանակ բացահայտ չէր խոսում, որ 44-օրյա պատերազմում անմիջական մասնակցություն է ունեցել՝ աջակցելով Ադրբեջանին։ Իսկ այս հռչակագրով հայտարարվում է, որ նրանք ռազմավարական դաշնակիցներ են, եթե երկու երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը խախտվի, ապա նրանք միասնական ռազմական ուժերով պատերազմելու են:

Ինչ վերաբերում է ԱԹՍ-ներ արտադրող կենտրոն դառնալուն, ապա վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայքար» ընկերությունը ստորագրել են Թուրքիայում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մտադրության արձանագրություն (կարող եք կարդալ այստեղ):

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ ընդգծենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար այն նպատակ է, որին փորձում են հասնել ցանկացած միջոցով և որից չեն հրաժարվելու: Ըստ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հռչակագրում կան հստակ կետեր, իսկ Էրդողանի հաղորդմամբ՝ նախագծի իրականացումը մեծ հնարավորություններ կտա բոլոր կողմերին։

ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով «Շուշիի հռչակագրին», նշել է. «Թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների»։

Այս հռչակագիրը Հայաստանի համար մեծ վտանգ է ներկայացնում: Հռչակագրի մեծ մասը վերաբերում է ռազմական համագործակցությանը:  

Հեղինակ՝ Ասյա Գևորգյան

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Mektub
Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել
Salmına
Ներկայումս ամենամեծ նպատակներից մեկը «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է․ Սաբինա Սալմանովա