Վրաստանը և Գերմանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր
Վրաստանի պաշտպանության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Գերմանիայի ազգային կոդավորման բյուրոյի հետ:
«Վրաստանի պաշտպանության նախարարությունում ընդունել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային կոդավորման բյուրոյի տնօրեն, գնդապետ Մանֆրեդ Կլաֆուսին և բյուրոյի ներկայացուցիչներին։
Հանդիպման վերջում կողմերը ձևակերպել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախարարության կոդավորման բաժանմունքի պետ, գնդապետ Դավիթ Մամուլաիշվիլին և գնդապետ Մանֆրեդ Կլաֆուսը, որը միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի կոդավորման կոմիտեի ղեկավարն է»,- ասված է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ փաստաթուղթը Վրաստանի պաշտպանության նախարարությանը և գերատեսչության նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներին թույլ կտա ավելի համատեղելի դառնալ ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Մինչև համաձայնագրի ստորագրումը գերմանացի հյուրերը ծանոթացել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումներին։ Այցի հիմնական թեման ՆԱՏՕ-ի ստանդարտներով Վրաստանի ազգային կոդավորման բյուրոյի ձևավորման գործընթացն է։ Վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Գերմանիայից ժամանած գործընկերներին հանրապետության զինվորականներին ցուցաբերվող գործնական և ֆինանսական օգնության համար:
Ավելացնել նոր մեկնաբանություն