Submitted by D.Guyumjyan on
DETQ

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել ժողովրդավարական ճանապարհով լքել նախագահի պաշտոնը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ժողովրդավարական ճանապարհով լքել Թուրքիայի նախագահի պաշտոնը, եթե պարտվի առաջիկա ընտրություններում։ Ըստ «Դետք»-ի՝ Էրդողանն այս մասին ասել է Ստամբուլում կայացած իր ամփոփիչ հանրահավաքի ժամանակ։

«Մենք Թուրքիայում իշխանության ենք եկել դեմոկրատական ​​ճանապարհով: Եթե մեր ժողովուրդն այլ բան որոշի, ապա մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժողովրդավարության համար: Մենք օրինական կհամարենք ընտրությունների ցանկացած արդյունք»,- ասել է նա։

Թուրքիայի գործող նախագահը միևնույն ժամանակ վստահ է, որ առաջիկա ընտրություններում «թուրք ազգը կաջակցի իրեն ու իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում ընթանում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարն ընթանում է Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։

#Դետքի_հետագծով

Իսկապես 2002 թվականին Էրդողանի գլխավորած քաղաքական ուժը Թուրքիայում իշխանության է եկել համաժողովրդական ընտրություններում տարած հաղթանակի արդյունքում և մինչև օրս շարունակում է պահպանել իշխանությունը։

Միևնույն ժամանակ մի շարք փորձագետներ պնդում են, որ այս ընտրություններն Էրդողանի 20-ամյա իշխանության ամենաբարդ ընտրություններն են, և չափազանց մեծ է հավանականությունը, որ նա կպարտվի և բախումներ կհրահրի՝ նախագահի պաշտոնը պահպանելու համար։ Կարծում ենք՝ նման հայտարարությունը վկայում է այն մասին, որ Էրդողանը կփորձի ամեն գնով հաղթել հենց պաշտոնական արդյունքներով, և բախումների կարիք այլևս չի լինի։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն