Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանն ազատ է արձակել Ֆրանսիայի երկու քաղաքացիների

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններն ազատ են արձակել Ֆրանսիայի երկու քաղաքացիների։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Mehr» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանաանին։

Հաղորդվում է, որ ազատ արձակված քաղաքացիները Բեռնար Ֆելանը և Բենժամեն Բրիերն են, որոնք արդեն վերադարձել են Ֆրանսիա։

Փարիզի բնակիչ 64-ամյա Ֆելանը ճամփորդական խորհրդատու է, ձերբակալվել է անցած հոկտեմբերին և վեցուկես տարվա ազատազրկման դատապարտվել ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեղադրանքով: 37-ամյա Բրիերը, որը բանտում է 2020 թվականից, դատապարտվել է ութ տարվա ազատազրկման լրտեսության մեղադրանքով: Երկուսն էլ հերքում են իրենց վերագրվող հանցանքները։

Քանաանին շեշտել է, որ Թեհրանի գործողությունները պայմանավորված են եղել տարբեր մակարդակներում ֆրանսիական կողմի խնդրանքներով և կողմերի միջև կայացած բանակցություններով։ Նրա խոսքով՝ Իրանի դատական ​​համակարգը մարդասիրական գործողություններով և համապատասխան օրենքների ու կանոնակարգերի համաձայն ազատ է արձակել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, որոնցից մեկն ունի նաև Իռլանդիայի քաղաքացիություն։

Ֆրանսիայի երկու քաղաքացիների ազատ արձակումից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի քաղաքացիների ազատ արձակման որոշումը՝ այն անվանելով արդյունավետ և վստահություն կերտող քայլ։

#Դետքի_հետագծով

Իրանում կալանավորված են մոտ երկու տասնյակ օտարերկրացիներ, որոնք, ըստ ընդդիմադիրների, պատանդներ են՝ Արևմուտքից զիջումներ կորզելու համար:

Միևնույն ժամանակ ազատ արձակված ֆրանսիացիներից մեկը ձերբակալվել էր նախորդ տարի աշնանն Իրանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերին մասնակցելու ժամանակ։ Իրանի իշխանությունները նման քայլով փորձում են կարգավորել Արևմուտքի հետ հարաբերությունները և մեղմել երկրի նկատմամբ գործադրվող ճնշումները։

Ավելացնել նոր մեկնաբանություն