Submitted by detq-admin on
DETQ

Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման մասին

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման մասին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ արարողությանը մասնակցել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և տեսակապի միջոցով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրները համատեղ կֆինանսավորեն նախագծման և շինարարական աշխատանքները, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումը։ Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ։

Նշվում է, որ այս երկաթուղին անհրաժեշտ է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար, ինչը կբարձրացնի անդրկասպյան երթուղու տնտեսական արդյունավետությունը։ Ենթադրվում է, որ Ռեշտ-Աստարա հատվածը կկառուցվի Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ, իսկ Աստարա-Աստարա (համանուն քաղաք կա և՛ Իրանում, և՛ Ադրբեջանում - խմբ․) հատվածը՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ։

#Դետքի_հետագծով

Եթե այս նախագիծը կյանքի կոչվի, ապա Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից բեռները կարող են ուղղակիորեն և առանց կանգառների փոխադրվել Պարսից ծոցում գտնվող Իրանի հարավային Բանդար Աբաս նավահանգիստ:

Մյուս կողմից՝ Ռուսաստանի կողմից Հնդկաստանից, արաբական երկրներից և Իրանից ներկրվող ապրանքները նույնպես կկարողանան արագ, էժան գնով և մեծ ծավալներով Իրանի հարավային նավահանգիստներից առաքվել Ադրբեջան և Ռուսաստան։

 

Այսպիսով՝ սա շահավետ նախագիծ է երեք երկրների տեսանկյունից, որի իրականացումը վերջիններիս համար մեծ հնարավորություններ կստեղծի։

Ավելացնել նոր մեկնաբանություն