Submitted by detq-admin on
DETQ

Իրանը Թուրքիայում ընտրողների բարձր մասնակցությունը ժողովրդավարության հաղթանակի ցուցիչ է համարում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրություններին բարձր մասնակցությունն այդ երկրում ժողովրդավարության հաղթանակի ցուցիչ է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը շնորհավորել է Թուրքիայի ժողովրդին, ընտրությունների կազմակերպիչներին, առաջնորդներին ու քաղաքական կուսակցություններին այս հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրանց։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է երկրորդ փուլ, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով՝ Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա այստեղ առաջատարն Էրդողանի գլխավորած «Ժողովուրդ» դաշինքն է, որին հաջողվել է ստանալ խորհրդարանի 600 մանդատից 323-ը։

#Դետքի_հետագծով

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ Իրանի իշխանություններն այս ընտրություններում աջակցում են Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Միևնույն ժամանակ Իրանը որևէ կերպ չի միջամտում հարևան երկրում ընթացող ընտրական գործընթացին, ինչպես նաև պարբերաբար հայտարարում է, որ կողմնակից է ժողովրդավարության ամրապնդմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն