Submitted by detq-admin on
DETQ

Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածուն մտադիր է բոլոր փախստականներին վտարել երկրից

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է հաղթանակի դեպքում երկրից վտարել բոլոր փախստականներին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Քըլըչդարօղլուն շեշտել է, որ Թուրքիայում ներկայումս կա 10 միլիոն փախստական, և եթե նրանք չհեռանան երկրից, ապա այդ թիվն էլ ավելի կմեծանա։ «Ընտրվելու դեպքում ես հետ կուղարկեմ բոլոր փախստականներին»,- ասել է նա։

Նշենք, որ վերջին տարիներին Թուրքիայում ապաստան գտած փախստականների մեծ մասը ժամանել է քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված Սիրիայից: Բացի դրանից՝ Թուրքիայի տարածքում փախստականներ կան Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի երկրներից:
 

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ Քըլըչդարօղլուն խոստացել է փախստականներին արտաքսել՝ ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Սինան Օղանի ընտրողների աջակցությունը ստանալու համար, որը քվեարկության արդյունքների վրա վճռորոշ ազդեցություն է ունենալու։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է երկրորդ փուլ, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով՝ Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։

#Դետքի_հետագծով

Թուրքիայում սիրիացի փախստականների առկայությունը չափազանց զգայուն թեմա է, և բնակչության մի հատված այս հարցում զգալի դժգոհություններ ունի։

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտագործում է փախստականների խնդիրը Եվրոպայի նկատմամբ ճնշումներ գործադրելու և ֆինանսական ավելի մեծ միջոցներ ստանալու համար։ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ փորձում է շահարկել այս թեման և ստանալ փախստականների առկայությունից դժգոհ քաղաքացիների քվեները։

Ավելացնել նոր մեկնաբանություն