Էրդողանը հայտնել է, որ Ստամբուլի հացահատիկային նախաձեռնությունը ևս երկու ամսով երկարաձգվել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը երկարաձգվում է ևս երկու ամսով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Էրդողանն այս համատեքստում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ թուրքական կողմի նախաձեռնություններին աջակցելու, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ արդյունավետ համագործակցության, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ գործընթացում ներդրման համար:
Նա խոստացել է, որ Թուրքիան բոլոր ջանքերը կներդնի գործարքն ամբողջությամբ իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված համատեղ համակարգող կենտրոնը։
#Դետքի_հետագծով
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի նախագահի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջնորդությամբ ստորագրված հացահատիկային համաձայնագիրը և պարբերաբար դրա երկարաձգումը Էրդողանի դիվանագիտական հաջողություններից են, ինչը վերջինս փորձում է ամեն կերպ կապիտալիզացնել այս ընտրություններում։ Բացի դրանից՝ համաձայնագիրը Թուրքիային խոշոր եկամուտ և արտոնյալ պայմաններով հացահատիկի ձեռքբերում է ապահովում, ինչը չափազանց կարևոր է տնտեսական դժվարությունների մեջ գտնվող այս երկրի համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն