Սելահաթթին Դեմիրթաշը չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որը ներկայումս գտնվում է կալանքի տակ, չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Դեմիրթաշն այս մասին ասել է պոլսահայ լրագրող Արիս Նալճըին տված հարցազրույցում։
Դեմիրթաշն Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունների կոալիցիան բնութագրել է որպես ռասիստական ու ֆաշիստական։ Նա նշել է, որ ներկայիս կառավարության օրոք Հայաստանի և հայ ժողովրդի հետ եղբայրության հիմքով որևէ հարաբերություն չի կարող լինել։
Դեմիրթաշը շեշտել է, որ Էրդողանի վարչակազմը չի անհանգստանում այնպիսի հարցերով, ինչպիսիք են խաղաղությունը, արդարությունը, հավասարությունը, ազատությունը, հարևանների հետ լավ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է պաշտոնապես առերեսվի հայ ժողովրդի ապրած ողբերգության հետ (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը – խմբ.)։
«Անշուշտ, համակողմանի պաշտոնական առերեսում է անհրաժեշտ հայ ժողովրդի ապրած ողբերգության հետ, անշուշտ, հայկական պետության հետ իրական հարևանային հարաբերություն է անհրաժեշտ, և, անշուշտ, անհրաժեշտ է վերացնել հայերի դեմ թշնամանքը, որը հասարակության մեջ անբարոյական վարք է, սակայն այժմ դրա համար հող չկա»,- ասել է նա։
Դեմիրթաշը հավելել է, որ հայ-թուրքական հարաբերություններում «կարգավորման» փնտրտուքը երկու կողմերի տեսանկյունից ռեալպոլիտիկ, պրագմատիկ գործընթացի հարաբերական արտացոլումն է: Նա նշել է, որ երկու կողմի տեսանկյունից էլ չեն երևում հստակ, իսկական, անկեղծ խաղաղության համար անհրաժեշտ պայմանները։
«Խաղաղության, առերեսման նպատակ էլ չկա։ Պուտինի պարտադրանքի և հրատապ քաղաքական կարիքների պատճառով մակերեսային երկխոսությունից այն կողմ անցնող նվազագույն ջանք էլ չկա։ Այս մտածելակերպով հնարավոր էլ չէ, որ լինի»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն