Submitted by D.Guyumjyan on
DETQ

Զելենսկին արաբական պետություններին հորդորել է ավելի շատ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արաբական երկրների ղեկավարներին հորդորել է աջակցել ուկրաինացիներին՝ չնայած ռուսական ազդեցությանը։ Ըստ «Դետք»-ի՝  այս մասին նա ասել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Զելենսկին շեշտել է, որ գագաթնաժողովում ներկա են մարդիկ, որոնք տարբեր տեսակետներ ունեն Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ և այն անվանում են «հակամարտություն»։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ կարող են միավորվել մարդկանց ռուսական գերությունից ազատելու գաղափարի շուրջ։

Բացի դրանից՝ Զելենսկին հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ։

Ջիդդայում արաբական պետությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցել է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Վերջինս ուկրաինական հակամարտության հարցում աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը։

#Դետքի_հետագծով

Ուկրաինայի նախագահը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում փորձում է ստանալ նաև արաբական երկրների աջակցությունը, որոնց մեծ մասը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունի։ Այս համատեքստում Զելենսկին դժգոհ է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մոտեցումից, որն աջակցում է Ռուսաստանին։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն