Իրանի մեջլիսը պատրաստվում է ԵՄ երկրների բանակներն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսը պատրաստվում է փոփոխություններ կատարել երկրի գործող օրենսդրության մեջ և ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել ԵՄ անդամ երկրների բանակները։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Իրանի մեջլիսի պրեզիդիումի անդամ Ահմադ Նադերին:
Վերջինս հայտնել է, որ համապատասխան փոփոխություններն իրականացվել են այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Նրա խոսքով՝ նախագիծը կտարածվի ԵՄ անդամ բոլոր երկրների, ինչպես նաև նրանց պատկանող զինված ուժերի, կազմակերպությունների ու ինստիտուտների վրա, որոնք ԻՀՊԿ-ն կներառեն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Նախօրեին Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով ԵՄ ղեկավարությանը կոչ է արվում ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։
Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եվրոպական դիվանագիտության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Եվրախորհրդարանի այդ մտադրությունն անվանել է «Եվրոպայի կողմից կրակոց իր ոտքին»: Նա Եվրոպային հորդորել է նաև մտածել իր իմպուլսիվ մտադրության բացասական հետևանքների մասին և անցնել Իրանի հետ կառուցողական փոխգործակցության:
Ավելացնել նոր մեկնաբանություն