Submitted by D.Guyumjyan on
DETQ

«Մեծ յոթնյակի» երկրները փորձում են իրենց անազնիվ մոտեցումները պարտադրել մյուսներին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» երկրները փորձում են իրենց անազնիվ մոտեցումները պարտադրել մյուսներին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Քանաանին հերքել է Իրանին ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ երկրի պաշտպանական դոկտրինում միջուկային զենքը տեղ չունի։ Իրանցի պաշտոնյան վերահաստատել է, որ Իրանի միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ են կրում։ «Ուստի մենք կտրականապես մերժում ենք այս խմբի միջուկային զենք ունեցող երկրների տենդենցային և անհիմն հայտարարությունները»,- ասել է նա։

Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ «Մեծ յոթնյակի» որոշ երկրների գաղութատիրական ու թշնամական պատմությունն Իրանի ժողովրդի և այլ ժողովուրդների նկատմամբ չափազանց ակնհայտ է։ Նա ափսոսանք է հայտնել, որ «Մեծ յոթնյակի» երկրները, որոնց գերիշխող քաղաքականությունը տարածաշրջանի և աշխարհի համար հանգեցրել է ապակայունացման և վտանգի, փորձում են ապակայունացման մեջ մեղադրել Իսլամական Հանրապետությանը։

Քանաանին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ուկրաինական հակամարտության ընթացքում երբեք Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր չի տրամադրել և շարունակում է ձգտել այս հակամարտության խաղաղ կարգավորմանը:

#Դետքի_հետագծով

Իրանի նկատմամբ պարբերաբար միջազգային ճնշումներ են գործադրվում, քանի որ Կիևը և նրա արևմտյան գործընկերները պնդում են, որ այս երկիրը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։ Իրանական կողմը բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ նշելով, որ պատերազմող կողմերից որևէ մեկին սպառազինություն չի մատակարարում։

Ավելացնել նոր մեկնաբանություն