Submitted by D.Guyumjyan on
DETQ

Մոսկվայում հույս ունեն, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն արդյունավետ կանցնի

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը հույս ունի, որ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն արդյունավետ կանցնի։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը։

Մեկնաբանելով Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ Պեսկովն ասել է, որ ներկայումս ընթանում են հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

«Հինգշաբթի այստեղ կլինեն և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը։ Մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ շփումների համար, և, իհարկե, կցանկանայինք արդյունավետության հույս ունենալ։ Թե որքանով կլինի արդյունավետությունը, ցույց կտա ժամանակը»,- նկատել է նա։

Պեսկովը նաև հավելել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով ստորագրված համաձայնագրերն այլընտրանք չունեն։

#Դետքի_հետագծով

Վերջին շրջանում կրկին ակտիվացել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, և այս համատեքստում երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում մի քանի հարթակներում։ Ռուսական կողմը փորձում է ամեն կերպ վերականգնել իր միջնորդական դիրքերը և հասնել նրան, որ հնարավոր խաղաղության պայմանագիրը կնքվի Մոսկվայի միջնորդությամբ։

Ավելացնել նոր մեկնաբանություն