Պեսկովը հնարավոր է համարում տեսանելի ապագայում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ ներկա հանգամանքները թույլ են տալիս ակնկալել, որ տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Պեսկովը շեշտել է, որ այս հարցում գլխավորը ոչ թե ժամանակն է, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումը։ Նրա խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհավաքվեն հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։
«Ամեն ինչ ամբողջությամբ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ կարևորը, ամեն դեպքում, վերջնական արդյունքն է, ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում»,- ասել է նա։
Կրեմլի մամուլի խոսնակը հայտնել է, որ դժվար թե որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը։ «Չնայած, ինչպես մայիսի 25-ին ասվեց հանդիպմանը, այժմ հանգամանքները շատ առումներով փոխվել են, և, ըստ էության, այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս արդեն տեսանելի ապագայում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Ներկայումս հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում միջնորդական առաքելություն ստանձնելու գործում տարբեր դերակատարների միջև աշխարհաքաղաքական մրցակցություն է ընթանում։ Ռուսական կողմի այս հայտարարությունները պայմանավորված են հենց այդ հանգամանքով, քանի որ ռուսական կողմը չի ցանկանում կորցնել իր ազդեցությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն