Իրանը պաշտպանական տեխնիկայի արտահանման սահմանափակում չունի
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանը ոչ մի սահմանափակում չունի ռազմական տեխնիկա արտահանելու այլ երկրներ, այդ թվում՝ Վենեսուելա: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Աշտիանին շեշտել է, որ Իրանը կաջակցի ցանկացած երկրի, որը հավատարիմ կմնա միջազգային շահերին, խաղաղությանը և անվտանգությանը։ «Մենք այլ երկրներին սարքավորումներ մատակարարելու սահմանափակում չունենք։ Մենք կապի մեջ ենք բոլոր պետությունների հետ և ջանասիրաբար պահպանում ենք այդ կապը»,- ասել է նա։
Նշվում է, որ նախորդ տարի հունիսին Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա գործընկերության համաձայնագիր, որն ուղղված է տարբեր ոլորտներում երկկողմ կապերն ընդլայնելուն։
Իրանի պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև Ռուսաստանից «Սու-35» կործանիչներ գնելու և ապագայում դրանց մատակարարման վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ «Սու-35» կործանիչների մասին քննարկումները հիմնականում շահարկումներ են։
Պաշտոնյան հավելել է, որ որոշ գործարքներ կարող են արդյունք տալ դրանց ստորագրումից տարիներ անց։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ քայլեր է ձեռնարկում տարբեր տարածաշրջաններում իր հիմնական հակառակորդ Միացյալ Նահանգների ազդեցությունը հակակշռելու համար։ Նման երկրներից մեկն էլ Վենեսուելան է, որի հետ Իրանը վերջին տարիներին խորացնում է իր հարաբերությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն