Իրանը շուտով կներկայացնի հիպերձայնային հրթիռ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ երկիրն առաջիկայում նոր գերձայնային հրթիռ կներկայացնի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաջիզադեն ընդգծել է, որ հրթիռի փորձարկումներն իրականացվել են, և այն շուտով կներկայացվի։ Նրա խոսքով՝ հրթիռն ունի բարձր արագություն և ունակ է մանևրելու ինչպես մթնոլորտում, այնպես էլ դրանից դուրս։
ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարը նշել է, որ նոր հրթիռն անցնում է հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերով. «Այս հրթիռն ուղղված է հակառակորդի հակահրթիռային համակարգերին, դրա ստեղծումը մեծ թռիչք է հրթիռային տեխնոլոգիաների զարգացման գործում»։
Հիշեցնենք, որ իրանական կողմը գերձայնային բալիստիկ հրթիռի ստեղծման մասին առաջին անգամ հայտնել էր 2022 թվականի նոյեմբերին։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս իր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և մշտապես քայլեր է ձեռնարկում երկրի բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու համար։ Այս տեսանկյունից Իրանում կարևոր նշանակություն ունի հայրենական արտադրության սպառազինության ստեղծումը՝ այլ երկրներից ունեցած կախվածությունը նվազեցնելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն