Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի նախագահն ընդգծել է թուրք-իրանական հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության նոր փուլը երկու երկրների միջև կնշանավորվի տնտեսական, քաղաքական, մշակութային և առևտրային հարաբերությունների աճով։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում։

Հաղորդվում է, որ Ռայիսին ևս մեկ անգամ շնորհավորել է իր թուրք գործընկերոջը Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում նույնպես թուրք-իրանական հարաբերությունները հիմնված կլինեն պատմական, մշակութային, կրոնական ամուր կապերի, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա։

Իրանի նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է թուրք-իրանական հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը։ Նա շեշտել է, որ այդ դեպքում երկու ժողովուրդների շահերն էլ ավելի կամրապնդվեն, և երկու երկրների միջև սերտ համագործակցությունն առավել հարմար պայմաններ կստեղծի տարածաշրջանի խաղաղության, կայունության և զարգացման համար։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել էր երկիրը 2003 թվականից ղեկավարող Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

#Դետքի_ հետագծով

Իրանի և Թուրքիայի միջև ներկայումս առկա են բավականին ջերմ հարաբերություններ, որոնք պայմանավորված են մի շարք հարցերում երկու երկրների միջև ընդհանուր շահերի առկայությամբ։ Միևնույն ժամանակ տարբեր փորձագետներ պնդում են, որ Իրանն ընտրություններում կողմնակից էր Էրդողանի հաղթանակին, քանի որ նրա մրցակից Քըլըչդարօղլուն ունի առավել արևմտամետ մոտեցում։

Ավելացնել նոր մեկնաբանություն