Բաքվում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարների միջև
Մայիսի 31-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Հաղորդվել է, որ պատվիրակությունը գլխավորում էին Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը և Պակիստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ասադ Մաջիդ Խանը։
Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսության, առևտրի, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Ընդգծվել է փոխայցելությունների, հատկապես խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը՝ շեշտելով, որ այն դրականորեն է ազդել երկկողմ հարաբերությունների բազմաթիվ ոլորտների վրա։
Քննարկումների ընթացքում նշվել է, որ 2022 թվականը կհիշվի որպես նշանակալի տարեթիվ՝ որպես երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ։ Ընդգծվել է բարեկամության և եղբայրության վրա կառուցված ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը։ Առանձնահատուկ շեշտվել են Պակիստանի հաստատակամ ու միանշանակ դիրքորոշումը և նրա անսասան աջակցությունն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։
Է. Մամեդովը մանրամասն տեղեկություններ է հաղորդել հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, օկուպացված (խմբ․) տարածքներում ականազերծման գործընթացի մասին։
Պակիստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունիսին, երբ 1991 թ. դեկտեմբերի 12-ին Պակիստանը Թուրքիայից և Ռումինիայից հետո ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն