Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ թուրք-իրանական համագործակցությունն ավելի կզարգանա
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ հիմնված երկու երկրների նախագահների կամքի և ցանկությունների վրա։
Աբդոլլահիանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախագահական ընտրություններում, իսկ վերջինիս գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա՝ հիմնված երկու երկրների նախագահների կամքի և ցանկությունների վրա։
Իրանի գլխավոր դիվանագետը շնորհավորել է նաև իր թուրք գործընկերոջը խորհրդարանական ընտրություններում ունեցած հաջողության համար։ Նա հիշեցրել է, որ Էրդողանն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին հրավիրել է մասնակցելու երդմնակալության արարողությանը և ասել է, որ իրանական կողմը կմասնակցի արարողությանն ամենաբարձր մակարդակով։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանը, քանի որ երկու երկրները բազմաթիվ հարցերում ընդհանուր շահեր ունեն։ Միևնույն ժամանակ իրանական կողմը գոհ է, որ ընտրություններում հաղթեց Էրդողանը, քանի որ վերջինիս մրցակից Քըլըչդարօղլուն արևմտամետ կողմնորոշում ունեցող գործիչ էր։
Ավելացնել նոր մեկնաբանություն